Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` խորհրդակցության ժամանակ քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման հարցը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար:

Անդրադառնալով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերող հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ներդրվելու է սահմանաված ժամկետներում և պետությունը սուբսիդավորելու է Փոքր և միջին բիզնեսին էլեկտրոնային ստորագրություններ հատկացնելու ծախսերը:

Որոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցման աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաև այլ օրենսդրական հարցերի:

Share