Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ

Երեկ՝ ապրիլի 3-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել նախարարի հանդիպումը Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի, մարզի համայնքների ղեկավարների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա 14.1 տոկոսանոց աճին և նշելով, որ անցած տարվա առաջընթացը ոգևորիչ պետք է լինի այս տարի ավելի բարձր ցուցանիշներ ձեռք բերելու համար՝ նախարարը ներկայացրել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը՝ կարևորելով Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը: Օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու մեխանիզմների մատակարարման կատարելագործման, սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման և ընթացակարգերի սահմանման, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման մասին:

«Սերմնաբուծության զարգացման ծրագիրը նույնպես շարունակական է լինելու»,-նշել է  նախարարը` անդրադառնալով «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրին, որի նպատակը հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացումն ու ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումն է: Ներկայացվել է նաև հանրապետության 3 մարզերում (Վայոց ձորի, Արագածոտնի և Տավուշի) իրականացվող «Հայկական միրգ» ծրագիրը:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ցուցանիշներին՝ նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է երկու անհանգստացնող իրողությունների վրա. վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրն է հանրապետությունում` ընդամենը 27.8 տոկոս, և նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 300 գլխով նվազել է այծերի գլխաքանակը մարզում:

Share