Բաժին. Տնտեսական

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

2012 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով հարևան երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու այս երկու ամիսներին միայն Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է 49.5 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայի հետ՝ 23.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանի հետ՝ 11.3 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է միայն Հայաստան-Իրան առևտրաշրջանաության ծավալը (աճը կազմել է 43.4%): Հայաստան-Թուրքիա առևտրի ծավալը կրճատվել է 2.7%-ով, Հայաստան-Վրաստանի առևտրի ծավալը՝ 10.5%-ով: Արդյունքում, հունվար-փետրվար ամիսներին Իրանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 6.4%-ը, Թուրքիային` 3.0%-ը, իսկ Վրաստանին` 1.5%-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Իրանից Հայաստան ներմուծման ծավալն աճել է շուրջ 30%-ով և գերազանցել 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Իրան արտահանումն աճել է 76.5%-ով` կազմելով շուրջ 17 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, Վրաստանից Հայաստան ներմուծումը նվազել է ավելի քան 40%-ով և ըստ ապրանքի ծագման երկրի դասակարգման՝ կազմել 4.1 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է 39%-ով և կազմել 7.2 մլն ԱՄՆ  դոլար:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիայից Հայաստան ներմուծումը փոքր-ինչ նվազել է և կազմել 23.0 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանումը  կազմել է ընդամենը 88 հազար դոլար:

Այսպիսով, Իրանից Հայաստան ներմուծման ծավալը Հայաստանից Իրան արտահանման ծավալը գերազանցել է շուրջ 2 անգամ, իսկ Թուրքիայից մեր երկիր ներմուծված ապրանքների համախառն ծավալը գերազանցել է Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալն ավելի քան 200 անգամ:

Share