Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅԻ ԴԵՌԵՎՍ ՊԵՏՔ ԵՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) համար դեռևս վաղ է հրաժարվել հակաճգնաժամային միջոցառումներից և եվրոպական տարածաշրջանի տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերից: Նման հայտարությամբ հանդես է եկել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին: Ըստ նրա՝ եվրոպական երկրներում ոչ գործազրկությունը և ոչ էլ գնաճը չեն հասել այնպիսի մակարդակի, որը թույլ տար ԵԿԲ-ին անցել առավել խիստ դրամավային քաղաքականության և մոտենալ «հակաճգնաժամային ելքին»:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, ԵԿԲ խորհուրդը որոշել էր եվրոպական տնտեսության խթանման նպատակով դեռևս անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն ռեկորդային ցածր՝ տարեկան 1% մակարդակում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատությամբ, եվրոյի գոտու անդամ երկրներում գործազրկության մակարդակն աճել էր  0.1 տոկոսային կետով և հասել նոր ռեկորդային մակարդակի՝ 10.8%: Եվրամիության անդամ 27 երկրներում ևս հաշվետու ամսում գրանցվել էր գործազրկության մակարդակի աճ՝ 0.1 տոկոսային կետով (10.2%):

Փետրվար ամսվա վերջի դրությամբ Եվրամիությունում հաշվառվել էր 24.5 մլն գործազուրկ, իսկ եվրոյի գոտու անդամ երկրներում՝ 17.1 մլն գործազուրկ:

Share