Բաժին. Տնտեսական

ՊԱՐԶԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

Այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում կառավարությունն իր նախկին որոշումներից երեքում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք, կառավարության հայտարարության համաձայն, կնպաստեն թանկարժեք մետաղների ոլորտում աշխատանքների իրականացման կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, հստակեցվել և ՀՀ օրենսդրության պահանջներին են համապատասխանեցվել հարգորոշման և հարգադրոշմման արտոնագրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, հայտում նշվող տվյալները, հայտի քննարկմանը վերաբերող դրույթները։

Հաջորդ որոշմամբ կրճատվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության արտոնագրման գործընթացը, այն դարձվել է առավել մատչելի, ինչի շնորհիվ ակնկալվում է նվազեցնել վարչարարությունը։

Մեկ այլ որոշման փոփոխման և լրացման արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջներին է համապատասխանեցվել երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման արտոնագրման կարգը, վերացվել են տեղ գտած անճշտությունները։

Share