Բաժին. Տնտեսական

ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ապրիլի 5-7-ը Երևանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Մոսկվայի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը. «Մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը: Վերջին տարիների ծրագրային համագործակցությունը ցույց տվեց, որ դրանք բավականին արդյունավետ են և զգալիորեն նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս գործընթացը լինելու է շարունակական»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Չերյոմինը նախ քաղաքապետին է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու նրա անունից Տարոն Մարգարյանին Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը: Սերգեյ Չերյոմինը վստահեցրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է, և ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը`մոսկովյան պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու և զարգանալու ներուժ ունի. «Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաև  ջերմ բարեկամական հարաբերություններ: Արդյունավետ գնահատելով անցած ժամանակահատվածում համատեղ իրականացված ծրագրերը և հաշվի առնելով, որ քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Մոսկվան այսօր կիրառում է ժամանակակից տեխնոլոգիական նոր մոտեցումներ, մենք պատրաստ ենք համագործակցության շրջանակում Երևանի հետ կիսել մեր փորձը: Վստահ եմ, սա նոր լիցք կհաղորդի գործընկերային մեր հարաբերություններին»,- նշել է Սերգեյ Չերյոմինը:

Կողմերը քննարկել են նաև Երևանի և Մոսկվայի միջև գործընկերության 2012-2014թթ. ծրագրի որոշ դրույթներ և, հաշվի առնելով, որ ծրագիրն ըստ էության արդեն պատրաստ է, պայմանավորվել են այն վավերացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։

Share