Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ ոլորտի հիմնախնդիրներն և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով հանդիպել է համայնքների ղեկավարների ու գյուղանտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արմավիրի մազպետ Աշոտ Ղահրամանյանը:

Խոսելով անցյալ տարվա ցուցանիշներից` նախարարը նշել է, որ իրականացված գործնական ծրագրերի և ոլորտի աշխատավորների արդյունավետ գործունեության արդյունքում 2011 թվականին հաջողվել է հասնել որոշակի դրական տեղաշարժերի, որոնց մեջ էական դերակատարում է ունեցել նաև Արմավիրի մարզը:

«Այն, ինչ ունեցանք, աննախադեպ էր նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, ձեռք բերածով չպետք է սահմանափակվենք: Սա այն ոլորտն է, որտեղ երկարատև ներդրումներ են անհրաժեշտ: Հողերն ամբողջությամբ և երբեմն նպատակային չեն օգտագործվում: Եվ դրա համար պետական աջակցություն է պետք: Նախորդ տարի 19 հազար հեկտարով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Այս միտումը շարունակական է լինելու: Փորձելու ենք ամեն տարի 20–25 հազար հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»- նշել է նախարարը:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման հարցերում գյուղացուն օժանդակելու խնդրին՝ նախարարը դրական է գնահատել նախորդ տարի մայրաքաղաքում բացված գյուղատնտեսական շուկայի գործունեությունը, որի ամենաակտիվ մասնակիցներից էին նաև Արմավիրի մարզի ֆերմերային տնտեսությունները: Այս տարի, ըստ նախարարի, մայրաքաղաքում, առանց վերավաճառների, նման 3 շուկաներ են գործելու:

Կառավարության կողմից գյուղացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերից Սերգո Կարապետյանն առանձնացրել է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի և մատչելի գներով ազոտական պարարատանյութի ու դիզելային վառելիքի տրամադրումը: «Այն մարզերին բաշխվում է ըստ ներկայացված հայտերի: Դրանով մենք կբավարարենք հանրապետության ողջ պահանջարկի ավելի քան 95 տոկոսը: Շուկայում նկատվող գների թանկացման ֆոնին կառավարության կողմից ցուցաբերվող նման օժանդակությունը զգալիորեն կթեթևացնի գյուղացու հոգսը»,- նշել է նախարարը` հավելելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզն է ամենաշատը ստանում նշված պարարտանյութն ու դիզվառելիքը: Ի դեպ, նույնն է պատկերը նաև Եվրոպայից բարձր մթերատու երինջների ներկրման ծրագրի իրականացման ասպարեզում, ուր անցյալ տարի ներկրված 210 կենդանիներից 48-ը հատկացվել է Արմավիրի մարզին:

«Գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա, իմանա, որ իր արտադրանքը շահավետ գներով և ամբողջությամբ է մթերվելու: Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի եկամտաբեր: Դրա համար այս տարի ամբողջությամբ անցնելու ենք մթերումների պայմանագրային հարաբերություններին»,- ասել է նախարարը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը, որոնք, ըստ Սերգո Կարապետյանի, միայն գյուղատնտեսության ոլորտի խնդիրները չեն:

«Կարևորը երկրի պարենային անվտանգության ռազմավարական խնդրի լուծումն է, որը բոլորիս գործն է»,- նշել է նախարարը:

Share