Տնտեսական

Զապորոժիեի ԱԷԿ-ում անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մտահոգված է

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Էներգոդարում գտնվող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից, որն ապահովվում էր Ուկրաինայի տարածքում գտնվող գծից: Աս մասին հաղորդում է ԱԷԿ-ի Telegram ալիքը։

«750 կՎ բարձրավոլտ Դնեպրովսկայա գծի անջատման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը: Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիան ապահովվում է դիզելային գեներատորներից», – ասվում է հաղորդագրությունում։

Գծի անջատման պատճառները հետաքննվում են։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ:

Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, այն ունի վեց ՋՋԷՌ-1000 էներգաբլոկ։ Ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ: 2022 թվականի սեպտեմբերի 11-ից կայանը էլեկտրաէներգիա չի արտադրել։ ԱԷԿ-ը կառավարվում է «Ռոստատոմ»-ի կողմից:

Share