Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ HP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է

2012 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում վաճառվել է 89 մլն անհատական համակարգիչ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.9%-ով: Այս մասին են վկայում Gartner վերլուծական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու այս երեք ամիսներին, ինչպես և սպասվում էր, անհատական համակարգիչների իրացման ծավալների առավել կայուն աճ գրանցվել է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Այս տարածաշրջանների երկրներում ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վաճառվել է 28.2 մլն անհատական համակարգիչ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6.7%-ով:

Միևնույն ժամանակ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է համակարգիչների վաճառքի ծավալների աճի տեմպերի դանդաղում, ինչն, ըստ վերլուծաբանների, պայմանավորվել է Հնդկաստանի և Չինաստանի շուկաների փոքր-ինչ պասիվացմամբ:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարը HP (Hewlett-Packard) ընկերությունն է, որն այս երեք ամիսների ընթացքում վաճառել է 15.3 մլն համակարգիչ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովելով 3.5% աճ:

Երկրորդ տեղում Lenovo-ն է, որը, հաշվետու ամիսներին իրացնելով 11.6 մլն համակարգիչ, տարեկան կտրվածքով գրանցել է 28% աճ:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Dell ընկերությունը վաճառել է 9.8 մլն համակարգիչ՝ տարեկան կտրվածքով գրանցելով ցուցանիշի 1.6% անկում, իսկ Acer-ը, վաճառելով 9.7 մլն համակարգիչ, գրանցել է 9% անկում:

Անհատական համակարգիչների ոլորտում աշխարհի 5-րդ առաջատար ընկերությունը՝ ASUS-ը, հունվար-մարտ ամիսներին համաշխարհային շուկայում վաճառել է 5.4 մլն համակարգիչ՝ ապահովելով վաճառքի ծավալների 21% աճ:

Share