Տնտեսական

Reuters. ՎԶԵԲ-ը մտադիր է 2024 թվականին Ուկրաինային 1.5 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է 2024 թվականին 1.5 միլիարդ եվրո օգնություն հատկացնել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնում գործող միջազգային վարկային հաստատության բարձրաստիճան աղբյուրին։

Հաղորդվում է, որ խոսքը գնում է այն գումարի մասին, որը երկիրը կստանա 2022-2023 թվականներին նախատեսված 3 միլիարդ եվրոյից առանձին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՎԶԵԲ-ը, այդ միջոցները նախատեսված են երկրի տնտեսության իրական հատվածներին և մասնավոր բիզնեսին աջակցելու համար։

Բանկը առանձնացրել է Ուկրաինային աջակցության հինգ հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգություն, առևտրի ֆինանսավորում, հիմնական ենթակառուցվածքների պաշտպանություն, պարենային անվտանգություն և դեղագործական ընկերություններին իրացվելիության ապահովում:

Հիշեցնենք՝ 2022 թվականին ՎԶԵԲ-ը 1.7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային, որը կազմում է նրա ընդհանուր ներդրումների 10%-ը, և ևս 200 միլիոն եվրո ներգրավել է գործընկեր ֆինանսական հաստատություններից:

Share