Բաժին. Տնտեսական

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ GT HACKATHON ARMENIA 2012

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կկայանա gt hackathon Armenia 2012-ը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից` հաքաթոնի նպատակն է ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա և հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, ինչպես նաև մեծացնել հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

Նշենք, որ gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն և Սոցիալական մեդիայի հայկական ասոցիացիան (Armenian Social Media Association):  Հաքաթոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հաքաթոնին գրանցվելու համար և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://gt.hackathon.am:  Գրանցումը տևելու է մինչև ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 27-29 Ծաղկաձորում կայանալիք երկօրյա հաքաթոնին: Ընտրված մասնակիցներն ապրիլի 20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման:

Ընտրված մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչև ապրիլի 27-ը: Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղևորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Ծրագրերը պետք է օգտակար կամ հետաքրքիր լինեն հայ օգտվողների համար: Եթե ծրագիրը ստեղծված է միջազգային շուկայի համար, այն պետք է հետաքրքիր լինի նաև հայ օգտագործողներին, որպեսզի թույլատրվի նրա մասնակցությունը մրցույթին:

Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնք կաշխատեն բջջային օպերատորների կամ էլեկտրոնային վճարման համակարգերի հետ:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից կկատարվի ստեղծված ծրագրի նախնական վիճակի 5 րոպեանոց դեմո-ցուցադրություն, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` «Լավագույն ծրագրային լուծում Android ՕՀ-ով սարքերի համար» (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) և «Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար» (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում:

Share