Բաժին. Տնտեսական

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ SBERBANK INVESTMENT BANKING

«Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունը, որը ներկայումս հանդես է գալիս որպես ռուսական «Սբերբանկ»-ի առանձին ստորաբաժանում, մոտ ապագայում կվերանվանվի Sberbank Investment Banking: Այս մասին նշել է ռուսական «Սբերբանկ»-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնեք, որ 2012 թվականի հունվարի 23-ին «Տրոյկա դիալոգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ռուսական «Սբերբանկ»-ի հետ միաձուլման գործընթացն արդեն ավարտված է: Միաձուլման պայմանների համաձայն՝ գործընթացի արդյունքում «Սբերբանկ»-ի կառուցվածքում՝ «Տրոյկա դիալոգ»-ի հիմքի վրա, ձևավորվել է բիզնեսի նոր ստորաբաժանում` կորպորատիվ-ներդրումային բանկ, որի ծառայությունները հասանելի են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին ու ֆինանսական ինստիտուտներին:

«Տրոյկա Դիալոգ» ընկերության 100%-ը «Սբերբանկ»-ին փոխանցելու բոլոր իրավական փաստաթղթերը ստորագրվել էին 2011 թվականի մայիսին: Գործարքի ընդհանուր արժեքն, ըստ նախնական գնահատականների, կազմել է 1 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ «Սբերբանկ»-ը մտադիր է մինչև 2014 թվականը, «Տրոյկա Դիալոգ»-ի գնման շնորհիվ, կրկնապատկել իր բանկային-ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտները:

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել էր 1991 թվականին: Ընկերությունը զբաղվում էր արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում էր բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում էր ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն:

Ընկերության հիմնադիրներից է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Share