Բաժին. Տնտեսական

ՀՀ-ՌԴ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Երեկ՝ ապրիլի 12-ին, Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՀՄՀ) հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ ընդլայնված նիստը:

Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ ՌՀՄՀ ռուսական մասի նախագահ, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Իգոր Կարավաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունաբերության, մասնավորաապես, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմավարական համագործակցության բարձր մակարդակ, իսկ ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունը շատ կարևոր է:«Կարծում եմ, որ և’ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, և’ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը ռազմարդյունաբերական ոլորտում շատ անելիքներ ունեն, իսկ այս հանդիպումը կնպաստի երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու շրջանակների հստակեցմանը»,- նշել է Տիգրան Դավթյանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել ռազմարդյունաբերական ոլորտում երկու երկրներում առկա ներուժը և այդ ներուժի նպատակային օգտագործման հնարավորությունները:

Share