Բաժին. Տնտեսական

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 16-ին, աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, պլանավորում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը` տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչև 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից և նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985-ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչև 250 հազ. դրամ:

Սահմանամերձ Ագարակում Նախագահն այցելել է նաև քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոն, որտեղ համայնքի համաֆինանսավորմամբ, Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ: Մշակույթի կենտրոնն արդեն գործում է՝ իր հանդիսությունների դահլիճով, մարզասրահով, անհրաժեշտ այլ հնարավորություններով:

Share