Բաժին. Տնտեսական

ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2013Թ.-ԻՆ

Երեկ՝ ապրիլի 16-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղ աշխատանքային այցի ընթացքում այցելել է Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նպատակ ունի նորակառույց հիվանդանոցի շենքում միավորել Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը:

Նշվել է, որ շուրջ 3500 քմ մակերեսով նորակառույց շենքում տեղակայվող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կազմված կլինի ընդհանուր թերապևտիկ և մանկական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձական, ինչպես նաև ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաև անհետաձգելի և պլանային դեպքերի համար ընդունարան և դրան կից ախտորոշիչ բաժանմունք ու օժանդակ ծառայություններ:

Բժշկական կենտրոնի շինարարության համար Մեղրիի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 1.2 հա հողատարածք: Ծրագիրն սկսվել է 2011թ. և նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:

Share