Բաժին. Տնտեսական

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2013Թ.-ԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 18-ին, աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Այցը մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:

Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային, տանիքի ծածկման, միջնորմային պատերի, դռների և պատուհանների, հատակների ու երեսպատման աշխատանքները: 2013թ. արդեն կիրականացվեն շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտից հետո ջերմուկցիներն ու քաղաքի այցելուները հնարավորություն կունենան ևս մեկ հյուրանոցում շատ ավելի բարձրակարգ պայմաններում որակյալ ծառայություններ ստանալ:

Share