Բաժին. Տնտեսական

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԱՐՁԱՆԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝  Ալեքսանդր Մանթաշովը, ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին նախ հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին հրավերն ընդունելու համար:

«Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երևանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երևանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը»,- նշել է քաղաքապետը:

Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: «Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ Պետերբուրգում, և վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը:

Քաղաքապետը փարիզաբնակ Մանթաշովներին հրավիրել է հաճախ այցելել Երևան:

Այնուհետև, Տարոն Մարգարյանը և Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները մասնակցել են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությանը: Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:

Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: «Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ, հրավիրելով մեզ Երևան, հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բացմանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցությունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները:

Share