Բաժին. Տնտեսական

BRICS-Ն ԱՄՀ-ԻՆ ԿՕԳՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՊԱՅՄԱՆՈՎ

BRICS երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) պատրաստ են աջակցել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և վերջինիս տրամադրել լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, սակայն դրա դիմաց պետք է ընդլայնվեն այս կառույցում BRICS-ի լիազորությունների շրջանակները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բրազիլիայի ֆինանսների նախարար Գիդո Մանտեգան՝ ներկայացնելով BRICS երկրների ֆինանսների նախարարների կայացած հանդիպման արդյունքները:

Նշենք, որ ԱՄՀ վարկային ներուժի ընդլայնմանն ուղղված ծրագրերում BRICS երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի, Բրազիլիայի և Չինաստանի մասնակցությունը ներկայիս պայմաններում «ծայրահեղ անհրաժեշտ է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ ԱՄՀ-ն շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության կարիք ունի: Այս միջոցներն անհրաժեշտ են եվրոյի գոտու պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար:

Հատկանշական է, որ եվրոպական երկրները և Ճապոնիան արդեն հայտարարել են ԱՄՀ-ի 320 մլրդ ԱՄՆ դոլար տրամադրելու իրենց պատրաստակամության մասին: ԱՄՀ-ն հույս ունի մնացյալ 80 մլրդ ԱՄՆ դոլարը ստանալ BRICS երկրներից:

Share