Տնտեսական

Վրաստանը վստահեցնում է, որ երկակի նշանակության ապրանքներ չի արտահանում Ռուսաստան

Վրաստանը Ռուսաստան չի արտահանում կրկնակի նշանակության ապրանքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։

«Որպես երկակի նշանակության սահմանում ստացած որևէ ապրանքի արտահանման թույլտվություն չի տրվել Ռուսաստանի ուղղությամբ և չի մտել ՌԴ տարածք»,- ասել է վրացի պաշտոնյան։

Հինգշաբթի Politico-ն հոդված է հրապարակել, որում պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ’Բրայենը պնդում է, որ Վրաստանն այն երկրների թվում է, որոնք խնդիր են ստեղծում հակառուսական պատժամիջոցները շրջանցելու տեսքով։ Բացի Վրաստանից, այդ երկրների ցանկում են Հայաստանը, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ազգային շահերով պայմանավորված։ Անցյալ տարվա մարտի սկզբին էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ կանչեց դեսպանին՝ պատժամիջոցների հարցում Վրաստանի իշխանությունների «ոչ բարոյական դիրքորոշման համար»։

Share