Տնտեսական

Վրաստանը սահմանափակում է մինչև 2013-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը

Վրաստանը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող ավտոմեքենաների ներմուծման համար, իսկ դա նշանակում է, որ արգելվելու է մինչև 2013 թ.-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը երկիր: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Եվրո-5-ը բնապահպանական ստանդարտ է, որը կարգավորում է ավտոմեքենաների արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը:

«Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013-ն արտադրված ավտոմեքենաների ներմուծումը կսահմանափակվի», – հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ որոշումը չի վերաբերի արդեն հանրապետությունում գտնվող ավտոմեքենաներին, ինչպես նաև այն ավտոմեքենաներին, որոնք երկիր են մտնում վերաարտահանման և տարանցման նպատակով։

Այս նախաձեռնության իրականացումն զգալի ներդրում կունենա մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նվազեցման գործում։

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ երկրում գրանցված մարդատար ավտոմոբիլների շուրջ 62.7%-ն ավելի քան 20 տարվա են։

Վրաստանում 639,7 հազար ավտոմեքենաներից միայն 239,1 հազարն է արտադրվել մինչև 20 տարի առաջ: Ընդ որում, այդ մեքենաների 44.8%-ն ավելի քան 15 տարվա հնություն ունեն:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցված է 59.4 հազար մեքենա, որոնք 10-ից պակաս տարվա են. դա կազմում է երկրում շահագործվող բոլոր մեքենաների 9.2%-ը։

Share