Բաժին. Տնտեսական

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ապրիլի 24-27-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն տիկին Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկային և մաքսային ոլորտներում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր:

Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` հարկային եւ մաքսային ոլորտներում ապագա համագործակացության հնարավոր ուղղությունները: Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ի տեղեկատվական  տեխնոլոգիաների վարչության և հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը: Հյուրերն այցելել են նաև Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններ, շրջել սպասարկման կենտրոններում,  հետևել աշխատանքային գործընթացներին:

ՊԵԿ-ի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մ հայ և լատվիացի գործընկերները  քննարկել են հետագա անելիքները: Կողմերը եզրահանգել են, որ Հայաստանի և Լատվիայի պետական եկամուտների համակարգերը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես այն առումով, որ հանդիսանում են միավորված` հարկային, մաքսային և սոցիալական վճարների վարչարարության համար իրավասու գերատեսչություններ, իրականացնում են նույն գործառույթները, ունեն նմանատիպ նախադրյալներ և նույնանման տեսակետներ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում միաժամանակ հարկային և մաքսային բարեփոխումների թեմաներով երկկողմանի շնորհանդեսներ են անցկացվել:

Նշենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: 2002թ.-ից արդեն իսկ գործում է “ՀՀ և Լատվիայի Հանրապետության  միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին” կոնվենցիան, իսկ 2006-ից` “Մաքսային հարցերում փոխօգնության վերաբերյալ” համաձայնագիրը:

Այս պաշտոնական այցի ընթացքում ևս մեկ փոխգործակցության հիմք է դրվել. ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից ստորագրվել է “ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ”  համաձայնագիրը: Եվրոպական Միության անդամ հանդիսացող Լատվիայի պետական եկամուտների ծառայության հետ փորձի և տեղեկատվության փոխանակության ընդլայնումը օգտակար կլինի Հայաստանի հարկային և մաքսային մարմինների համար` օրենսդրության և վարչարարության կատարելագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա նաև հարկերից խուսափելու դեմ պայքարում` երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակության խորացման շնորհիվ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայանագիրը ևս մեկ քայլ է Եվրամիության անդամ երկրների հետ մեր հետագա հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես միջգերատեսչական համագործակցության առումով:

Share