Բաժին. Տնտեսական

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքել են պայմանագիր՝ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունների տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Պայմանագիրը կնքել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Պայմանագրի առարկա են հանդիսանում Ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների ապահովման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:

Նշենք, որ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի համար ԱՏԳ գործառնական տեսակն է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում, իսկ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքի համար` վերոնշյալ ոլորտները սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելը:

Share