Բաժին. Տնտեսական

FRANCE TELECOM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Ֆրանսիական խոշորագույն բջջային կապի օպերատոր France Telecom SA-ն ամփոփել է 2012 թվականի առաջին երեք ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ընկերության ապահոված եռամսյակային զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 8,1%-ով և կազմել 3,43 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, եռամսյակային հասույթը կրճատվել է 1,8%-ով և կազմել 10,92 մլրդ եվրո:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն Ֆրանսիայում France Telecom-ի հասույթը կրճատվել է 4,2%-ով և կազմել 5,4 մլրդ եվրո: Ընկերության Orange բրենդի մասնաբաժինը ֆրանսիական շուկայում կրճատվել է 1,5 տոկոսային կետով:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ France Telecom-ի եռամսյակային ֆինանսական արդյունքների կրճատումը պայմանավորված է մրցակցության աճով: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսից ֆրանսիական շուկա է մուտք գործել բջջային կապի չորրորդ օպերատորը՝ Iliad SA ընկերությունը, ինչը նպաստել է օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը:

Հաշվետու ժամանակահատվածում Ֆրանսիայում France Telecom-ի բաժանորդների թիվը կրճատվել է 615 հազարով:

Share