Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼ Է «ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ը

Այսօր՝ մայիսի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի համաձայն լուծարել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը։

Նշենք, որ հնգամյա ծրագրի իրականացմամբ (2006-ի սեպտեմբերից 2011-ի սեպտեմբեր) Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) նպաստել է Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420,000 գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը` վերականգնելով ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցելով ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնելով Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվում են շուրջ 45,000 ֆերմերներ` ծանոթացնալով գյուղատնտեսական առաջավոր փորձին, տեխնիկական աջակցություն է տրամադրվում ջուր մատակարարող կառույցներին և 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրվում ֆերմերներին և ագրոբիզնեսներին` ֆինանսավորելով ծրագրային գործունեությանն առնչվող ներդրումները:

«Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» կողմից Հայաստանի ոռոգման և գյուղատնտեսության բնագավառներում արվող շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը, ըստ պաշտոնական գնահատականների, կարևոր նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության և ընդհանուր տնտեսության զարգացման, ինչպես նաև ֆերմերների և ագրոբիզնեսի ընկերությունների բարգավաճման համար:

Share