Բաժին. Տնտեսական

GM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում GM-ը ապահովել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 3 անգամ:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով GM-ի համախառն հասույթն աճել է 4.3%-ով և կազմել 37.76 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ծանր ֆինանսական դրության մեջ հայտնված GM ընկերությունը 2011 թվականին գրանցել էր տարեկան ֆինանսական ցուցանիշների ռեկորդային արդյունք: ԸՆկերության զուտ շահույթն աճել էր ավելի քան 1.6 անգամ` կազմելով 7.6 մլրդ  ԱՄՆ դոլար:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 35 երկրներում: Միևնույն ժամանակ, ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրներում: GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share