Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

2012 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 40.1 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտում գրանցվել է 5.5% անկում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու եռամսյակում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 58.1%-ն իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին, 18.2%-ը՝ բնակչության միջոցների հաշվին, 13.3%-ը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 7.5%-ը՝ միջազգային վարկերի հաշվին, 2.8%-ը՝ մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ, ՄԱԿ-ի միջոցներ):

Հատկանշական է, որ հաշվետու երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները գրեթե չեն փոփոխվել: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 7%-ով, կազմակերպությունների և բնակչության միջոցների  հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են համապատասխանաբար 8%-ով և 12.5%-ով: Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան 80%-ով:

2012 թվականի առաջին եռամսյակում մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 28.6%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 20%-ը` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին:

Նշենք նաև, որ ՀՀ շինարարության ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածության բարձր ցուցանիշը: ՀՀ շինարարության տարեկան համախառն ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկել Երևանին:

Share