Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՆԵՐԴՐՈՂԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ FACEBOOK-Ի IPO-ՈՎ

Ամերիկյացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը մտադիր չէ մասնակցել աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի կողմից կազմակերվող IPO-ին (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): Այս մասին Բաֆեթը հայտարարել է CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Facebook-ն իր IPO-ն կիրականացնի մայիսի 17-ին: Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ վերջինս իր IPO-ի համար ընտրել է ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսան:

IPO իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը Facebook-ն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) ներկայացրել էր ընթացիկ տարվա փետրվար ամսին: Ինչպես նշվում է SEC-ին ներկայացված փաստաթղթերում` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ SEC-ի ներկայացված փաստաթղթերում Facebook-ը հրապարակել էր որոշ ֆինանսական ցուցանիշներ: Համաձայն այս ցուցանիշների՝ 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է 3.71 մլրդ դոլար, իսկ շահույթը, մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 65%-ով, կազմել է 1 մլրդ դոլար:

Share