Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ

Այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հարևան երկրների հետ կազմել է շուրջ 143 մլն ԱՄՆ դոլար: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայի հետ՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանի հետ՝ 19.5 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է միայն Հայաստան-Իրան առևտրաշրջանաության ծավալը (աճը կազմել է 46%):  Իրանը շարունակում է մնալ Հայաստանի երրորդ առևտրային գործընկեր-երկիրը՝ Ռուսաստանից և Գերմանիայից հետո:

Միևնույն ժամանակ, Հայաստան-Թուրքիա առևտրի ծավալը կրճատվել է 8.8%-ով, Հայաստան-Վրաստանի առևտրի ծավալը՝ 9.9%-ով:

Արդյունքում, հունվար-մարտ ամիսներին Իրանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 6.4%-ը, Թուրքիային` 3.1%-ը, իսկ Վրաստանին` 1.5%-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանից Հայաստան ներմուծումը գերազանցել է Հայաստանից Իրան արտահանման ծավալն ավելի քան 2 անգամ: Վրաստանից Հայաստան ներմուծման ծավալը գերազանցել է Հայաստանից Վրաստան արտահանումը շուրջ 3 անգամ: Թուրքիայից մեր երկիր ներմուծված ապրանքների համախառն ծավալը գերազանցել է Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը մոտ 200 անգամ:

Share