Բաժին. Տնտեսական

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ. «ԱՄՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՈՒՂՈՒ ՎՐԱ Է»

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամերիկյան բանկային համակարգում գրանցվել է վարկավորման գործընթացի ընդհանուր առողջացում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն՝ ելույթ ունենալով Չիկագայում կայացած բանկիրների համաժողովի շրջանակներում:  

Բեն Բերնանկեն ընդգծել է, որ ամերիկյան վարկավորման շուկայում ընդհանուր իրավիճակը բարելավվել է, սակայն պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել: «Ամերիկյան բանկերը դեռևս երկար ճանապարհ պետք է անցնեն՝ ֆինանսական վերջնական առողջացմանն ու կայունությանը հասնելու համար», – նշել է ԱՄՆ ԴՊՀ-ի ղեկավարը՝ ամերիկյան բանկերի համար կարևոր առաջընթաց համարելով հնարավոր վնասների ծածկմանն ուղղվող պահուստների շարունակական համալրումը:

Բեն Բերնանկեն նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը շարունակում է հետևել ամերիկյան հիփոթեքային շուկայի զարգացումներին, որոնք, ըստ էության, ձևավորում են ԱՄՆ բանկային համակարգի առողջացման ուղին:

Share