Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ 17 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում «աղքատացել են» 17 մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը պայմանավորվել է համաշխարհային շուկայում եվրոյի դիրքերի թուլացմամբ և ամերիկյան խոշորագույն բանկերի նկատմամբ ներդրողների վստահության անկմամբ:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ առավել մեծ ֆինանսական վնաս կրել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը: Վերջինիս շաբաթական կորուստը կազմել է 4.2 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկայումս, Bloomberg Billionaires Index-ի համաձայն, Կարլոս Սլիմի կարողությունը 69,6 մլրդ ԱՄՆ դոլար է:

Ամերիկացի գործարար Շելդոն Անդերսոնը, ով աշխարհի հարուստների վարկանիշում 12-րդն է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում կրել է 1,1 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս, ինչը պայմանավորվել է նրան պատկանող Las Vegas Sands ընկերության բաժնետոմսերի գների 4,53% անկմամբ: Անդերսոնի կարողությունն այժմ կազմում է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, աշխարհի երրորդ ամերահարուստ  մարդը համարվող Ուորեն Բաֆեթն իր ունեցվածքն ավելացրել է 313 մլն ԱՄՆ դոլարով, և այժմ Berkshire Hathaway ընկերության ղեկավարի ունեցվածքը գնահատվում է 45,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Share