Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Գերմանիայի և Ֆրանսիայի վիճակագրական ծառայությունները հրապարակել են 2012 թվականի առաջին եռամսյակում այս երկու երկրների գրանցած տնտեսական ամփոփ ցուցանիշները:

Ըստ ներկայացված տվյալների՝  2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0,5%-ով:  2011 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ աճը կազմել է 1,7%: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին, որ նշված ժամանակահատվածում Գերմանիայի տնտեսությունը կգրանցի աճի առավել «զսպված» տեմպեր: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ հաշվետու եռամսյակում Գերմանիայի տնտեսության «անսպասելի» աճը պայմանավորվել է արտահանման ծավալների ընդլայնմամբ և ներքին սպառման ծավալների ավելացմամբ:  

Միևնույն ժամանակ, 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, Ֆրանսիայի ՀՆԱ-ն մնացել է անփոփոխ: Նշենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճը կազմել էր 0,1%:

Եվրահանձնաժողովի վերջին պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականին Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսությունները կաճեն համապատասխանաբար 0,7%-ով և 0,5%-ով:

Share