Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Հաշվետվության մեջ նշվում է, որ նախ, հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ, արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին։

Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Միջազգային ֆինանսական կառույցները 2011 թվականի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել։ Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, և դա բավական դրական ձեռքբերում է։ Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը»: Վարչապետն ընդգծել է, որ Moody’s միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը ևս դրական է գնահատում մեր երկրի տնտեսական վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ։

«Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն և հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս։ Հասկանալի է, որ աշխարհն առաջնորդվում է այդ գնահատականներով», – նշել է Տիգրան Սարգսյանը:

 

Share