Տնտեսական

Bloomberg. British Petroleum-ը 10 միլիոն դոլար է ներդնում թափոններից վառելիք ստանալու համար

Բրիտանական նավթագազային British Petroleum ընկերությունը 10 միլիոն դոլար է ներդրել Կալիֆորնիայի WasteFuel ստարտափում, որը փչացած սնունդն ու այլ կենսաթափոնները վերածում է վառելիքի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

BP-ի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը ներդրումներ է կատարել նորաստեղծ ձեռնարկության մեջ, քանի որ այն «նպատակ ունի մինչև 2030-ը կենսավառելիքի արտադրությունը հասցնել օրական 100 հազար բարելի»: WasteFuel-ի գործադիր տնօրեն Թրևոր Նիլսոնը կենսաքայքայվող թափոնները համարում է «հսկայական ռեսուրս, ժամանակակից և կայուն տարբերակ այն բանի, ինչ Ժան Պոլ Գեթին հայտնաբերեց Սաուդյան Արաբիայում»:

Ստարտափը զբաղվում է նաև կենսաբանական հումքի վերամշակմամբ արտադրվող բիոմեթանոլի՝ մեթիլ սպիրտի արտադրությամբ։ Նիլսոնը կարծում է, որ այն հատկապես պահանջարկ կունենա ծովային տրանսպորտում։ Bloomberg-ի տվյալներով՝ նավագնացության արդյունաբերությանը բաժին է ընկնում CO2-ի համաշխարհային արտանետումների մոտ 3%-ը:

Ավելի վաղ BP-ն հայտարարել էր վերականգնվող էներգիայի աղբյուրներից շահույթը առավելագույնի հասցնելու մտադրության մասին: BP-ն նախատեսում է նաև նախագծեր մշակել արևային և հողմային էներգիայի ոլորտում։

Share