Բաժին. Տնտեսական

YAHOO!-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՉԻՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Ամերիկյան Yahoo! ինտերնետային ընկերությունը հայտարարել է ինտերնետային առևտրի ոլորտում մասնագիտացված չինական Alibaba ընկերության՝ իրեն պատկանող 40% բաժնետոմսերից 20%-ը վաճառելու մտադրության մասին: Գնորդը հենց նույն Alibaba ընկերությունն է: Associated Press-ի փոխանցմամբ՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 7,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ գործարքի շուրջ երկու ընկերությունների միջև բանակցությունները ընթանում էին արդեն շուրջ մեկ տարի:

Գործարքի արդյունքում ներգրավված միջոցները Yahoo!-ն մտադիր է տրամադրել բաժնետերերի շահաբաժինների վճարմանն ու ընկերության հետագա զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Գործարքին մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել նաև Yahoo!-ին պատկանող մնացյալ 20% բաժնետոմսերի հետագա վաճառքի հարցի շուրջ:

Yahoo! Inc. ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի` միևնույն ժամանակ ներկայացնելով աշխարհի առաջատար որոնման համակարգերից մեկը: Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0,5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Yahoo! ընկերության զուտ շահույթը կազմել է 286 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության ընդհանուր արժեքը գնահատվում է 19 մլրդ ԱՄՆ դոլար:

Չինական Alibaba ինտերնետային-խանութի օգտատերերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է 79 մլն-ի: 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Alibaba ընկերությունն ապահովել է 53.8 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:

Share