Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս խորը ճգնաժամից և դրսևորում զարգացման միտումներ, որին մեծապես նպաստում են պետական ֆինանսավորման ծավալների աճն ու արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների ակտիվ հոսքը: Հայաստանի տնտեսության վերջին զարգացումներին նման գնահատական են տվել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) վերլուծաբանները:

Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի նոր զեկույցում՝ Հայաստանի տնտեսությունը զգալի կախվածություն ունի արտերկրից ստացվող մասնավոր դրամական փոխանցումներից, ինչն իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր: Որպես մեր երկրի համար մտահոգիչ խնդիրներ ՎԶԵԲ-ի վերլուծաբանները նշում են նաև հայկական արտադրության ապրանքների արտահանման ցածր մակարդակն ու բարձր գնաճը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարևան երկրներում գրանցված վերջին տնտեսական զարգացումներին, ապա ՎԶԵԲ-ը բարձր է գնահատում Վրաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն՝ այն համարելով ամենաարդյունավետը Կովկասում:

Ադրբեջանի տնտեսության համար որպես ռիսկային գործոն ՎԶԵԲ-ի վերլուծաբանները նշում են նավթային արդունաբերության ծավալների անկումն ու երկրի տնտեսության «մեծ կախվածությունը» նավթից:

ՎԶԵԲ-ի նոր կանխատեսումների համաձայն՝ մինչև 2013 թվականը տնտեսական աճի առավել բարձր տեմպեր կապահովի Վրաստանը: Այսպես, սպասվում է, որ 2012-2013 թվականներին Վրաստանում կգրանցվի տարեկան 5.5%, Հայաստանում՝ 4.4%, Ադրբեջանում՝ 3-3.5% տնտեսական աճ:

Share