Տնտեսական

CNBC. Հնդկաստանը մինչև 2075-ը կդառնա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը Չինաստանից հետո

Հնդկաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մինչև 2075 թվականը կհասնի 52.5 տրիլիոն դոլարի, ինչի արդյունքում հանրապետությունն այս ցուցանիշով կզբաղեցնի երկրորդ տեղը։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Goldman Sachs ներդրումային բանկի տվյալները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ մինչև 2075 թվականը Հնդկաստանը, որը ներկայումս աշխարհում հինգերորդ տնտեսությունն է, կզբաղեցնի երկրորդ տեղը Չինաստանից հետո՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, Ճապոնիայից և եվրոգոտուց։ Ընդ որում՝ Չինաստանի ՀՆԱ-ն կկազմի 57 տրիլիոն դոլար, Հնդկաստանինը՝ 52.5 տրիլիոն դոլար, ԱՄՆ-ինը՝ 51.5 տրիլիոն դոլար, եվրոգոտունը՝ 30.3 տրլն դոլար, Ճապոնիայինը՝ 7.5 տրիլիոն դոլար։

Goldman Sachs-ի վերլուծաբանները հավելում են, որ Հնդկաստանի տնտեսության զարգացումը մեծապես պայմանավորված կլինի բնակչության և աշխատուժի ակտիվ աճով։ Բացի այդ, տեխնոլոգիական առաջընթացն, ինչպես նաև կապիտալ ներդրումների աճը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը դրական ազդեցություն կունենան Հնդկաստանի ՀՆԱ-ի դինամիկայի վրա։

Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Հնդկաստանը կկարողանա մեծացնել արտադրական հզորությունները, ավելացնել ծառայությունների տեսակարար կշիռը տնտեսության մեջ, զարգացնել ենթակառուցվածքները և ստեղծել ավելի շատ աշխատատեղեր:

Share