Տնտեսական

Հայաստանը 2023-ին էներգիայի վերափոխման ինդեքսով նախորդ տարվա համեմատ վարկանիշային աղյուսակում նահանջել է 18 հորիզոնականով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։

Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։ Ի դեպ, 2022թ.-ի արդյունքներով Հայաստանը զբաղեցնում էր 54-րդ հորիզոնականը: Այսինքն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 18 հորիզոնականով։

Համաշխարհային միջին գնահատականների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանի 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է համաշխարհային միջին ինդեքսից 2.7 միավորով: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են ԷՎԻ-ի և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 3.0 և 2.2 միավորով:

Առաջին զեկույցի հրապարակման տարվա (2012թ.) համեմատ Հայաստանում (ինչպես և երկրների ճնշող մեծամասնությունում) ԷՎԻ-ն աճել է, սակայն 2022 և 2023թթ.-ին Հայաստանում արձանագրված հետընթացի արդյունքում ներկայումս այն ցածր է նույնիսկ 5 տարի առաջվա՝ 2018թ. մակարդակից։

Նախորդ տարվա համեմատ 2023թ. նվազել են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:

«Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով վերջին 3 տարիների զարգացումները մտահոգության տեղիք են տալիս. 2022-ին 2021-ի համեմատ ենթաինդեքսն աճել էր 3.9 միավորով, սակայն հաջորդ տարում այն նվազել է միանգամից 6.3 միավորով: Հայաստանում 2023թ.-ին նախորդ տարվա համեմատ խոշոր նվազում է արձանագրվել «Ֆինանսներ և ներդրումներ», «Նորարարություններ» և «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղություններով։ Հարկ է նշել, որ «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ վատթարացման հիմնական պատճառը «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշի մեկ տարվա ընթացքում շուրջ 12 անգամ նվազումն է։ «Նորարարություններ» ուղղությամբ բացասական զարգացումները հետևանք են «Նորարարական բիզնես միջավայր» և «Էկոլոգիական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը բոլոր տեխնոլոգիաների մեջ» ցուցանիշների նվազման՝ համապատասխանաբար 5%-ով և 3.3 անգամ։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ուղղությամբ վատթարացումը պայմանավորված է «Կրթության որակ» ցուցանիշի 6.4%-ով և «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 19.7%-ով նվազմամբ։ Բերված փաստարկները խիստ տարակուսելի են, քանի որ գործող իշխանությունը` որպես ոլորտում իր գործունեության կարևոր ձեռքբերում նշում է հենց այս ուղղություններով բարելավումը։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Հայաստանի վիճակը (ԷՎԻ-ով և վարկանիշային հորիզոնականով) նախընտրելի էր հարևան բոլոր 4 երկրներից, 2023-ին արձանագրված հետընթացի պարագայում Հայաստանը հարևաններից չի զիջում միայն Իրանին։

2023թ. ԷՎԻ-ի ամենամեծ նվազումը մեր տարածաշրջանի 5 երկրներից արձանագրվել է Հայաստանում։ Տարածաշրջանի երկրներից նախորդ տարվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունի Ադրբեջանը՝ ԷՎԻ-ն աճել է 6.4 միավորով, իսկ դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարելավվել է միանգամից 26 հորիզոնականով։

Աշխարհում զբաղեցրած դիրքով Ադրբեջանը Հայաստանից առաջ է 40, Վրաստանը` 10, իսկ Թուրքիան՝ 7 հորիզոնականով:

Share