Տնտեսական

Լեհաստանը հավանություն է տվել երկրի առաջին ատոմակայանի կառուցմանը

Լեհաստանի իշխանությունները սկզբունքային որոշում են կայացրել՝ թույլ տալով սկսել հանրապետությունում առաջին ատոմակայանի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան, ով պատասխանատու է էներգետիկ հարցերի համար։

«Այսօր մենք հիմնարար որոշում կայացրինք, որն ավելի է մոտեցնում Լեհաստանում առաջին ատոմակայանի կառուցումը»,- գրել է նա Twitter-ում։ Նախարարի խոսքով՝ այս փաստաթղթի հիմնական նշանակությունն այն է, որ այն պաշտոնապես հաստատում է, որ ատոմակայանի կառուցման համար նախատեսված ներդրումները բխում են հանրային շահերից և իրականացվում են կառավարության էներգետիկ քաղաքականությանը համապատասխան։

Հունիսի վերջին Լեհաստանի կառավարությունը հայտարարեց, որ 4.7 միլիարդ զլոտի (մոտ 1,2 միլիարդ դոլար) կներդնի ատոմակայանի կառուցման համար։ Աշխատանքները պետք է սկսվեն արդեն 2023-ին: Նախատեսվում է, որ 1.6 ԳՎտ հզորությամբ առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2033-ին։

Share