Բաժին. Տնտեսական

ԿԱՄՐԱՊՆԴՎԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի ֆինանսների փոխնախարար Անդրեյ Պարաֆինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է ՊԵԿ-ի կառուցվածքը, վերջին 3 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումները, ընդգծել  կոմիտեի առաջնահերթությունները, կարևորել միջազգային համագործակցության ամրապնդումը: Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ բիզնես միջավայրի բարելավման, հարկային մարմին-հարկատու շփումը նվազեցնելու ուղղությամբ մի շարք բարեփոխումներ են իրականացվել և մի մասն էլ  ընթացքի մեջ է. «Կարևորելով միջազգային կապերը բարեփոխումներում ներդրել ենք նաև մի շարք երկրների առաջավոր փորձը: Մեր հիմնական նպատակն է ունենալ այնպիսի կառավարելի համակարգ և ամբողջ գործընթացն այնպես կազմակերպել, որ քիչ շփումների միջոցով բիզնես միջավայրն ավելի հանգիստ աշխատի հարկային և մաքսային մարմինների հետ: Այդ առումով մեծ դերակատարում ունի հարկային և մաքսային մարմիններում արդեն իսկ գործարկված էլեկտրոնային կառավարման համակարգը»,-ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով կոմիտեի ղեկավարությանը՝ Լեհաստանի պատվիրակության ղեկավար Անդրեյ Պարաֆինովիչը նկատել է, որ երկու կառույցները շատ ընդհանրություններ ունեն. «Հայաստանում և Լեհաստանում հարկային տեսչությունները գործում են նույն մեխանիզմով` հարկատուին մատուցելով ծառայություններ: Նաև նմանատիպ նախադրյալներ և նույնաննման տեսակետեր ունենք համակարգի հետագա զարգացման վերաբերյալ»:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև փորձագետների մակարդակով  քննարկել համագործակցության հետագա քայլերը: Կոմիտեի ղեկավարությանը հետաքրքել է Լեհաստանի հայտարագրման նոր մոդելը,  իսկ լեհ գործընկերներին հետաքրքել է մեր հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկումը:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Լեհաստանի գործընկեր կառույցների միջև արդյունավետ  համագործակցություն է ձևավորվել: Ի դեպ, մեր երկրի կինոլոգիական կենտրոնի ստեղծման գործում մեծ ներդրում ունի հենց Լեհաստանը:

Share