Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՓՐԿԵԼ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ

Իսպանական խոշորագույն բանկերից մեկի՝ Bankia-ի խորացող ֆինանսական խնդիրների լուծման համար պետության կողմից վերջինիս կտրամադրվի լրացուցիչ 9 մլրդ եվրո: Այս մասին գրում է The Wаll Street Journal-ը՝ նշելով, որ Իսպանիայի կառավարությունը մտադիր է արմատական բարեփոխումներ իրականացնել երկրի ֆինանսական ոլորտում և միջոցներ հատկացնել ֆինանսական կառույցների խնդիրների վերացման համար:

Նշենք, որ ակտիվների ծավալով Bankia-ն Իսպանիայի երրորդ խոշոր բանկն է, որին բաժին է ընկնում երկրի ներդրումների և վարկերի 10%-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 9-ին Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր Bankia SA բանկն ազգայնացնելու իր մտադրության մասին: Արված հայտարարության համաձայն՝ ազգայնացման ծրագրի իրականացման արդյունքում Իսպանիայի կառավարությանն է արդեն անցել բանկի բաժնետոմսերի 45%-ը:

Bankia-ն, որը սպասարկում է մոտ 12 մլն հաճախորդների, գործունեություն է ծավալում նաև Գերմանիայում, Ավստրիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում: Բանկի շուկայական կապիտալիազացիան կազմում է 6,4 մլրդ եվրո:

Share