Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի (CAFA) աջակցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ- ի կողմից «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում հիմնված, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպվող ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ շնորհանդեսը:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ շնորհանդեսի նպատակն էր` ծանոթացնել ֆրանսիական գործարար համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող ֆրանսիական գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում էին` «Գրանթ Թորնթոն» ընկերության բաժնետեր, CAFA նախագահ Արման Փինարբասին, «Օրանժ Արմենիա» ընկերության տնօրեն Բրունո Դյութուան,« «Բարսամինի Թուղթ» ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստոֆ լը Բարսը և այլոք:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու պայմանները, շահագործողներին տրվող առավելություններն ու արտոնությունները:

Շնորհանդեսի ավարտին ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում Ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը և «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Արմեն Խաչատրյանը պատասխանել են գործարարներին հուզող հարցերին և մանրամասն ներկայացրել Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները:

Share