Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՅՔԷՋԵՐԸ

Երեկ՝ մայիսի 29-ին, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել www.taxservice.am և www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցել են ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարևորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության և բիզնես միջավայրի միջև: «Մենք շատ ենք կարևորում հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերի առկայությունը, ինչը բոլոորվին նոր գործելաոճ է ապահովելու ՊԵԿ-ի ստորբաժանումների, գործարարների, հասարակության և տարբեր կառույցների միջև:  Ուրախ կլինենք, որ նոր ձևաչափով գործարկված կայքերը ծառայեն մեր առջև դրված նպատակին. բիզնեսն ավելի հանգիստ աշխատի և իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանա մեր կայքերի միջոցով»,- նշել է ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի ներկայացմամբ՝ թարմացված կայքերում ներդրվել են մի շարք նորամուծություններ:

Այսպես, հարկային ծառայության կայքի նորամուծություններից է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ:Միքայել Փաշայանի խոսքերով, ամբողջովին փոխվել է «Հարկային օրենսդրություն» բաժնի կառուցվածքը. ըստ համապատասխան բաժինների տեղեկատվության ճշգրիտ դասակարգում է արվել, ինչն առավել մեծացրել է տեղեկատվության հասանելիությունը: Այս բաժնում հնարավոր է նաև տեսնել դեռևս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախագծերը: Ներկայացված են նաև հարկային և մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական և օրենսդրական ակտերը:  Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի: Հաջորդ նորույթը «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ենթաբաժինն է, որն ունի զտման հնարավորություն՝ ըստ դասակարգչի կոդի, անվանման կամ լիցենզիայի անհրաժեշտության:

Մաքսային ծառայության կայքի նորամուծությունը «Ներքին տարանցման փնտրման համակարգ»-ն է, ինչի  շնորհիվ տնտեսվարողն արագ և հստակ կարող է տեղեկատվություն ստանալ՝ վերջին 10 օրում  ցամաքային փոխադրամիջոցներով ներմուծված ապրանքների  վերաբերյալ: Կայքում երևում է ՀՀ բոլոր ցամաքային մաքսային կետերում կատարված վերջին 20 փոխադրման ամփոփագրերի գրանցման ժամային պարբերականությունը: Ներդրված էլեկտրոնային փոստային առաքման ծառայության շնորհիվ  էլ այցելուն կարող է տեղեկացված լինել հարկային դաշտի վերջին նորություններին:

Երկու կայքերում էլ նորույթ է ինտերակտիվ քարտեզը, որն ըստ մարզերի տեղեկատվություն է ներկայացնում ինչպես տարածքային հարկային տեսչությունների վերաբերյալ, այնպես էլ մաքսատների ու մաքսակետերի վերաբերյալ: Նոր կայքերը յուրահատուկ են նաև  այն առումով, որ  բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններն ուղարկվում է գրանցված այցելուի բջջային հեռախոսահամարին:

Share