Բաժին. Տնտեսական

ԻՌԼԱՆԴԻԱՆ ԵՎՍ ԿՄԻԱՆԱ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ

Իռլանդիայի քաղաքացիները կողմ են եվրոպական բյուջետային կայունության ծրագրին: Ըստ վերջնական արդյունքների՝  նախորդ շաբաթ այս երկրում կայացած ազգային քվեարկության արդյունքում համաձայնագրին միանալուն կողմ են քվեարկել ընտրողների 60,3%-ը:

Նշենք, որ Իռլանդիան Եվրագոտու անդամ միակ երկիրն է, որտեղ հարցը դրվել էր համազգային քվեարկության:

Եվրոպական բյուջետային կայունության համաձայնագիրը ենթադրում է համաձայնագրի անդամ երկրների տնտեսություննների նկատմամբ վերահսկողության ուժեղացում՝ միևնույն ժամանակ երկրներին հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում օգտվել Եվրամիության ֆինանսական աջակցությունից: Բացի այդ, համաձայնագիրը ենթադրում է նաև պատժամիջոցների անհապաղ կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն սահմանված բյուջետային կարգապահությունը:

Ներկայումս այս համաձայնագիրը ստորագրել են ԵՄ անդամ 27 երկրներից 25-ը՝ բացառությամբ Չեխիայի և Մեծ Բրիտանիայի:

Share