Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՆ ՈՒՆԻ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ

Տրանսֆերտներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) ունեցած իր ելույթի ժամանակ: Խոսելով Հայաստանի տնտեսության վրա հայկական Սփյուռքի ունեցած ազդեցության մասին վարչապետն ընդգծել է, որ այսօր Հայաստանից դուրս ապրում է վեց միլիոն հայ, սակայն Հայաստան դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են:

Միևնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի խոսքով, Հայոց ցեղասպանության հետևանքով Հայաստանից դուրս ապրող 4-5 միլիոն հայերի 95%-ով երբեևէ չի եղել Հայաստանում և դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: «Չնայած նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները և այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ նպատակով ստեղծվել է Սփյուռքի նախարարություն, ինչի շնորհիվ էլ հայկական աշխարհում իրականացվում են համահայկական ծրագրեր:

«Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը և մեր երկիրը կդարձնեն մրցունակ, ինչպես նաև կխրախուսեն ներդրումները Հայաստանում: Ցանկացած դեպքում մենք պարտավոր ենք բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը, որպեսզի ներդրումները լինեն հուսալի և շահութաբեր», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Share