Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական հատվածի, ոլորտի ընկերությունների, կրթական և գիտական, ինչպես նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել է Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը բխում է ՀՀ կառավարության N 49 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունից: Այն սահմանում է արդյունաբերական ռազմավարության իրականացման 4-ամյա ծրագիր`2012 թվականից մինչև 2015 թվականը:

Գործողությունների ծրագիրը ներկայացված է 3 մակարդակով՝ ռազմավարական ուղղություններ, նախաձեռնություններ և գործողություններ: Տարբեր մակարդակի գործողությունները խմբավորված են ըստ ռազմավարական նախաձեռնությունների: Ծրագրով նախատեսված են ռազմավարական հետևյալ ուղղությունները. որակի վերահսկման համակարգի և տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, անդրազգային կորպորացիաների (ԱԱԿ) ներգրավում, վաճառքների խթանում: Յուրաքանչյուր տարվա վերջում ոլորտային խորհուրդը կհաստատի Գործողությունների ծրագիրը հաջորդ երեք տարիների համար:

Ծրագրում պետության կողմից ֆինանսավորման գործողությունների իրականացումը նախատեսում է մասնավոր հատվածի համաֆինանսավորման գործողություններ: Գործողությունների ծրագրում ընդգրկված են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրով» (ԱՄՆ ՄԶԳ «EDMC ծրագիր») պլանավորված գործողությունները Հայաստանի դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտում:

Ծրագրի վերաբերյալ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության առաջարկությունները խորհրդի նիստի քննարկմանը ներկայացրել է միության տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նիստի օրակարգային 3-րդ հարցը նվիրված էր բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկին:

Օրակարգում ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից: Միևնույն ժամանակ, որոշվել է լրամշակել այն` հաշվի առնելով նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունները և մեկ անգամ ևս քննարկել խորհրդի առաջիկա նիստում:

Share