Բաժին. Տնտեսական

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ

Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունը:

«Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու, առհասարակ, պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը», -նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ լսելով նաև պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները:

Վերջիններս իրենց հերթին հավաստիացրել են, որ մթերման գները լինելու են խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված և ժամանակին:

Նշվել է, որ ըստ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի՝ ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:

Ի դեպ, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Share