Բաժին. Տնտեսական

Նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն

Հայաստանյան ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբը ս.թ. օգոստոսի 5-ին կազմակերպել էր «Նոր ատոմային բլոկը ՀՀ էներգետիկ և ազգային անվտանգության համատեքստում» կլոր սեղանը։

Քննարկման նպատակն էր՝ հիմնվելով բացառապես մասնագիտական քննարկումների վրա, և զերծ մնալով որևէ քաղաքական շահարկումներից, ՀՀ էներգետիկ և ազգային անվտանգության տեսանկյունից քննարկել նոր ատոմային բլոկի տեխնոլոգիական ընդունելի լուծումները, ուրվագծել դրա հզորության և այլ հարաչափերի առավել հեռանկարային մեծությունները։

Կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական, տ.գ.թ. Կ.Սարգսյանը, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական, տ.գ.թ. Գ.Սևիկյանը, «ՀայԱտոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տ.գ.դ Վ.Պետրոսյանը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Կասկադ Էներգո» ՍՊԸ, «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, «PROEX» ՓԲԸ ներկայացուցիչները, այլ մասնագետներ:

Մասնակիցների կարծիքով ՀՀ սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունի նոր ատոմային բլոկի կառուցումը:

Քննարկմանը ընդգծվեց, որ նոր ատոմային էներգաբլոկը հնարավորություն կընձեռի վերգտնել Հայաստանի երբեմնի դերակատարումը՝ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն, կապահովի էլեկտրաէներգիայի արտահանման շոշափելի ներուժ: Ինչը կնպաստի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային ուղղով, կերաշխավորի ԵԱՏՄ և ԵՄ էներգետիկ շուկաների հետ արդյունավետ համագործակցությունը: Մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովը, հետագայում նաև մի շարք այլ երկրներ ատոմային էներգետիկան ճանաչել են որպես «կանաչ էներգետիկա»:

Նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են փորձարկված և հուսալի տարբերակներ՝ հիմնված այսպես կոչված «100 ռեակտոր-տարի» սկզբունքի վրա: Բացի այդ, մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արդյունաբերական, տեխնոլոգիական, ինչպես նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն:

Մասնակիցները ընդգծեցին, որ հաշվի առնելով ատոմային բլոկ(եր)ի կառուցման տևողությունը, նախապատրաստական և այլ աշխատանքների բազմափուլ և համալիր բնույթը, անհրաժեշտ է աշխատանքները սկսել հնարավորինս շուտ՝ պահպանելով շրջահայացությունը, կարգապահությունը և արհեստավարժությունը:

Share