Բաժին. Տնտեսական

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ, մեր հանրապետությունում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է (102.3%)` պայմանավորված բոլոր ոլորտներում գրանցված դրական միտումներով` բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ նախորդ տարվա նույն եռամսյակում գնահատականներն առավել լավատեսական են եղել: Ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ իրականացված ուսումնասիրության` հաշվետու եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը նույնպես աճել է (118.4%): Միջավայրը բարելավվել է բոլոր ոլորտներում՝ բացառությամբ շինարարության: 

Միևնույն ժամանակ, ընթացիկ եռամսյակում գների աճի մակարդակը զուսպ գնահատականի է արժանացել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում: Աշխատողների աճ առավելապես դիտվել է արդյունաբերության և առևտրի ոլորտներում, իսկ աշխատավարձի մակարդակի բարձրացում գրանցվել է սակավ թվով կազմակերպություններում: 

Հարցված կազմակերպությունների 28.4%-ը գալիք եռամսյակում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, իսկ ընթացիկում իրականացրել է հարցվածների ընդամենը 21.4%-ը: Վերջիններիս համար որպես հիմնական աղբյուր կրկին ծառայելու են տեղական բանկերից ստացված վարկերը: 

Պահանջարկի նվազումը այս եռամսյակում նույնպես որպես առաջնային խոչընդոտ է հանդիսացել արդյունաբերության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտների կազմակերպությունների համար: Առևտրի ոլորտում կարևորվել են ոչ բարենպաստ տնտեսական միջավայրն ու փոխարժեքի տատանումները: 

Տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով: 

Share