Բաժին. Տնտեսական

ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՉԵՆ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, մեր հանրապետությունում սպառողների վստահության ինդեքսն աճել է 0.4%-ով՝ նախորդ եռամսյակի 3.5%-ի դիմաց:  Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունները:

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու եռամսյակում ընթացիկ պայմանների ինդեքսն  աճել է 6.2%-ով՝  այն դեպքում, երբ նախորդ եռամսյակի աճը կազմել էր 22.1%: Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել է մասնավորապես եկամուտների փոփոխության ինդեքսը՝ 12.4%-ով: Նշենք, որ նախորդ եռամսյակում գրանցվել է այս ցուցանիշի շատ ավելի փոքր աճ՝ 2.4%: Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսների աճը կազմել է շուրջ 3-ական տոկոս՝ զգալիորեն զիջելով նախորդ եռամսյակի աճերին՝ համապատասխանաբար 38.7 և 24.5%: 

Միևնույն ժամանակ, ապագա պայմանների ինդեքսը արդեն երրորդ եռամսյակն է շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 3.7%-ով՝ նախորդ եռամսյակի 7.4% նվազման դիմաց: Ապագա պայմանները գնահատող բոլոր ինդեքսներն էլ նվազել են: Մասնավորապես, գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսը նվազել է 5.4%-ով՝ նախորդ եռամսյակի 10.6% նվազման դիմաց: Գալիք եռամսյակում եկամուտների փոփոխության և ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասումները նվազել են շուրջ 3-ական տոկոսով՝ նախորդ եռամսյակի համապատասխանաբար 8.9 և 2.5% նվազումների դիմաց:

Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: 

Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի  հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: 

Share