Բաժին. Տնտեսական

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունել է “Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում” Թվինինգ երկամյա ծրագրի ղեկավար Ժեռար Ռոսսնիկի գլխավորած պատվիրակությանը: 

Նշենք, որ այս ծրագիրը, որի իրականացնող երկրներն են Նիդեռլանդների Թագավորությունը, Դանիան և Լատվիան, նպատակ ունի հզորացնել սննդամթերքի անվտանգության համակարգը` կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի բարելավման միջոցով` ԵՄ սանիտարական և բուսասանիտարական, ինչպես նաև միջազգային այլ ստանդարտներին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից`  հանդիպման շրջանակներում նախարարը կարևորել է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև բարձր գնահատեց ԵՄ կողմից ֆինանսավորվող “Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում” Թվինինգ ծրագիրը: Նա նշել է որ սույն ոլորտը ուղղակիորեն առնչվում է հանրապետությունում թողարկվող ագրոպարենային ապրանքների արտահանման և վերամշակվող արդյունաբերության զարգացման խթանմանը: Նախարարը անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կազմավորումը: Նշվել է նաև, որ ոլորտը Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկի առաջնային գերակայություններից է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պարոն Ռոսսինկը համոզմունք է հայտնել, որ Թվինինգ ծրագիրը կնպաստի Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանը: Երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքին տրամադրել բազմակողմանի աջակցություն:

Share